Ինչպես արդեն տեղեկացրել էինք Ազատության հրապարակում՝ լրագրողների «Հանուն խոսքի ազատության» հավաքին ներկա էր Ոստիկանության լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնությունը, նրանց մասնագիտական գործունեության խոչընդոտումը. «Ոստիկանությունը միակ շահագրգիռ կառույցներից է, որ հենց իրենց ձեռնտու չեն նման արարքները, քանի որ հասարակական կարգի ապահովումը ոստիկանության գործառույթն է, իրավախախտումների բացահայտումը ոստիկանության գործառույթն է: Եթե նման դեպքեր լինում են եւ չեն բացահայտվում, բնականաբար այս դեպքում վտանգվում է տվյալ գերատեսչության հեղինակությունը»:
Նա նշեց, որ որպես ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար չի կարող միանալ կազմակերպված ստորագրահավաքին, որովհետեւ ԶԼՄ ներկայացուցիչ չէ: Սակայն, նա հավելեց, որ «02» շաբաթաթերթը միանում է ստորագրահավաքին. «Մի՛ մոռացեք, որ իմ օպերատորը՝ լրատվության ծառայության օպերատորը հրազենային վնասվածք է ստացել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ